Բույսերը կարող են ճանաչել ծամող թրթուրների արձակած ձայները եւ արձագանքել դրանց։ Այս եզրահանգմանն են եկել Հեյդի Էփելի ղեկավարությամբ աշխատող Միսուրիի համալսարանի գիտնականները։

Փորձարկումների նպատակով կենսաբաններն օգտագործել են Arabidopsis ծաղկող բույսը՝ կաղամբի ընտանիքից։ Նրա տերեւներին արտացոլող նյութ ամրացնելով՝ գիտնականները լազերի օգնությամբ կարողացել են արձանագրել տերեւների շարժը, որոնք առաջանում են թրթուրների ծամելուց։ Gazeta.ru-ի փոխանցմամբ, հետո նրանք ձայնագրությունը միացրել են բույսերի մի խմբի մոտ, իսկ մյուս խումբը միայն լռություն է «լսել»։ Դրանից հետո երկու խմբի բույսերի մոտ թրթուրներ են դրվել, որոնք սկսել են ուտել դրանց տերեւները։

Պարզվել է, որ նախկինում ծամելու ձայն լսած բույսերը մանանեխի յուղ են արտադրել, որոնք թրթուրների համար տհաճ են։ «Հետաքրքիրն այն է, որ բույսերը, որոնք քամու կամ այլ միջատների ձայն են լսել, չեն ուժեղացրել իրենց քիմիական պաշտպանությունը»,- բացատրել են գիտնականները։