Մոսկվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներից առաջինը քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը։ Վերջինս 1/8-րդ եզրափակիչում 10։3 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեգ Մալինովսկիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Ազատի մրցակիցը կլինի իռլանդացի Տիրոն Մքկուլագը։
Հայաստանի հավաքականի կազմում հաջորդ բռնցքամարտիկը, ով դուրս եկավ քառորդ եզրափակիչ Հրաչիկ Ջավախյանն էր։ 64 կգ քաշային մարզիկը 1/8-րդ եզրափակիչում 9։3 հաշվով պարտության մատնեց Գեորգիան Պոպեսկուին։ Ջավախյանը եւ Հովհաննիսյանը մեկական հաղթանակ տոնելու դեպքում կապահովեն բրոնզե մեդալ։
60 կգ քաշային կարգում Հայաստանը կորուստ ունեցավ։ Պայքարը թողեց Արա Պլուզյանը, ով 1։6 հաշվով զիջեց գերմանացի Էգեն Բարնհարդին։
91 կգ քաշային կարգում եւս մեդալ չենք ունենա։ Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը 4։5 հաշվով զիջեց Տերվել Պուլեւին։


























