Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) Beeline-ի աջակցությամբ շարունակվում է 2014թ. ապրիլին մեկնարկած «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրն, որն իրականացվում է կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ»  ցուցահանդեսի շրջանակներում:

Ծրագիրն, որը նախատեսված է ընտանիքների եւ 5 տարեկանից բարձր երեխաների եւ մեծահասակների համար, բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում ծանոթանում են Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին: Այնուհետեւ, կենտրոնի «Ստեղծագործական» սրահում մասնակիցները ստեղծում են իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր:

«Կախարդական լաբիրինթ» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին եւ փիլիսոփայությանը եւ կիրառել այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Այն նաեւ հրաշալի առիթ է վայելելու ամառային հանգիստը ստեղծագործական մթնոլորտում»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Beeline–ի սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավ։ Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին  կկարողանանք պարգեւել մեր փոքրիկներին եւ նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ եւ տրամադրել արվեստի հետ անմիջական շփման մի հարթակ, ինչը կնպաստի երեխաների եւ ծնողների սերտեցմանը՝ ուրույն հետքը թողելով նրանց հիշողության մեջ»,-նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: