Հայաստանում սահմանադրական բարեփոխումները այն կարեւոր փոփոխություններն են, որոնք մեկ կամ երկու հոգով չեն կարգավորվում՝ անկախ նրանց դիրքից եւ պաշտոնից։ Այս մասին հուլիսի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, որ 2005թ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կողմի էին սահմանադրական բարեփոխումներին, իսկ արդեն 2014-ին Քոչարյանը դեմ է արտահայտվում։
Ըստ Վահրամ Բաղդասարյանի` ժամանակն է թելադրում իր պահանջները: «Այո, սահմանադրական բարեփոխումների եւ կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու խնդիրը կար նաեւ 2005թ.: Բնական է, որ երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, նա իր կարծիքն ուներ, այժմ ժամանակի հետ նոր պահանջներ եւ առաջարկներ են ծագել: Սակայն, կարծում եմ, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահները չեն պնդում, թե ինչպիսին պետք է լինեն փոփոխությունները», - նշել է ՀՀԿ խմբակցության նախագահը:
Ի պատասխան հարցին, թե գործող իշխանությունը սահմանադրական բարեփոխումների միջոցով մտադիր է երկարարցնել իշխանության մոտ գտնվելը, Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է. «Սերժ Սարգսյանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Կարծում եմ, որ հանրապետության նախագահը իր կառավարումը երկարացնելու նկրտումներ չունի: Կարծում եմ, որ ցանկացած նախագահի համար կարեւոր է սեփական երկրի առաջընթացը», - նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 1-ից տեղափոխվել է հոկտեմբերի 15-ին: Հատուկ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը վերջնաժակետը տեղափոխելը պայմանավորել է ավելի լայն ձեւաչափով հանրային քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությամբ, մասնավորապես` հանրապետության մարզերում:





























