Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում մահացած 28-ամյա Նարինե Շարոյանին ինֆեկցիոն բաժանմունք պետք չէր ուղարկել, այլ հարկավոր էր պահել ծննդատանը եւ խորհրդակցել տարբեր մասնագետների հետ։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմավիր» բժշկական կենտրոնում Նարինեին վիրահատած հերթապահ թերապևտ Համլետ Առաքելյանը։
«Հղին իրենից դինամիտ է ներկայացնում, որն ամեն պահի կարող է պայթել: Ծննդկանին պետք է անպայման ծննդատանը վերցնեին հսկողության տակ, կատարվեին բոլոր մասնագետների կոնսուլտիացիները, հրավիրվեր ինֆեկցիոնիստ»,- ասաց Համլետ Առաքելյանը՝ նշելով, որ երբ ինքը տեսել է հիվանդին, այդ վիճակում այլեւս հնարավոր չէր նրան հետ տանել ծննդատուն:
Նարինեին ծննդատուն ընդունած հերթապահ գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը, սակայն, պնդում է, որ ինքը ստուգել է հիվանդին, նրա մոտ ամեն ինչ նորմալ է եղել, գինեկոլոգիական բաժանմունքում պահելու անհրաժեշտություն չի եղել , այդ պատճառով էլ ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք: NEWS.am-ի հարցին, թե ինչու ինքը հիվանդի հետ չի գնացել ինֆեկցիոն բաժանմունք, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց, որ այդ պահին զբաղված է եղել, բուժքույրն է գնացել նրա հետ, այնուհետեւ ինքը հիվանդի մասին տեղեկացրել է պատասխանատու գինեկոլոգին, որն էլ այցելել է Նարինեին։
Նշենք, որ Համլետ Առաքելյանը համոզված է, որ հերթապահ գինեկոլոգն անձամբ պետք է հիվանդին տեղափոխեր այլ բաժանմունք։
«Նախ անպայման ինձ պետք զանգը լիներ գինեկոլոգի կողմից: Ինքը պետք է ծննդկանի ձեռքը բռներ ու բաժին-բաժին պտտեցներ: Հերթապահ գինեկոլոգի վերահսկողությունն առաջնային է: Լինի սրտխառնոց, գլխացավ, ճնշման տատանում, թե աղիքային ինֆեկցիա, ինչ ուզում է լինի, հղին մտնում է հիվանդանոց, պետք է տարվի ծննդատուն: Այնտեղ են հրավիրում մասնագետներին»,-նշեց Համլետ Առաքելյանը:
Հերթապահ գինեկոլոգի խոսքով՝ ինքը Նարինեն ինֆեկցիոն բաժանմունք է ուղարկել պատասխանատու գինեկոլոգի թույլտվությամբ։
«Պատասխանատու գինեկոլոգին ասացի՝ որտեղ ուղարկեմ՝ մնա ծննդատանը, թե ուղարկեմ էնտեղ, ասեց ուղարկեք էնտեղ»,- NEWS.am-ին ասաց Հասմիկ Հակոբյանը։
Մինչդեռ պատասխանատու գինեկոլոգ Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում հերքեց այս պնդումը՝ նշելով, որ ինքն է առաջարկել է Երեւան, իսկ հերթապահ գինեկոլոգն ինքնուրույն է որոշել հղի կնոջն ուղարկել կոնսուլտացիայի ինֆեկցիոն բաժանմունքում:
«Սուտ ա ասում, ես չեմ որոշել ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք: Ես զանգել ասել եմ՝ հիվանդին պառկեցրեք երկրորդ հարկում, թող ինֆեկցիոնիստը գա, կոնսուլտացիա անի: Ու էդ ընթացքի մեջ ասել եմ՝ եթե հարկ կա, ուղարկենք Երեւան: Ինքը ինքնագլուխ ա որոշել»,-NEWS.am-ին ասաց Արմեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Նարինեի հունիսի վերջին «Արմավիր» ԲԿ-ից տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ Հղին «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխվել է թունավորում ախտորոշմամբ, փսխել է, այնուհետեւ ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո սկսել է արնահոսել, նրան կեսարյան հատում են արել, հեռացրել արգանդը: Երեւանից հրավիրվել են հատուկ մասնագետներ եւ վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել են Երեւան: Նարինեի հարազատների նրա մահվան մեջ մեղադրում են «Արմավիր» բկ-ի բուժանձնակազմին։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ։





























