Սախալին կղզու հյուսիսում գտնվող Տիմովսկ գյուղի մոլորված բնակչուհին մեկ ամիս անց կարողացել է դուրս գալ անտառից:

Հուլիսի 5-ի երեկոյան 28-ամյա կինը անտառից դուրս է եկել Պաելեւո գյուղ, համընթաց մեքենա նստել եւ հասել հայրենի Տիմովսկ: Նա պատմել է, որ իրեն ուղեկցող թոշակառուն հոգնել է եւ չի կարողացել շարունակել ճանապարհը: Ուստի նա միայնակ եւս երկու օր փնտրել է անտառից դուրս գալու ճանապարհը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը

Հուլիսի 6-ին ԱԻՆ-ի աշխատակցիները կնոջ հետ միասին սկսել են թոշակառուի որոնումները, սակայն կինը չի կարողացել հիշել՝ որտեղ  է բաժանվել ծերունուց:

Այդ օրերին մոլորվածները ոչինչ չեն կերել, միայն ջուր են խմել, հաղորդել է կինը:

Հունիսի 12-ին Տիմովսկ գյուղի 3 բնակիչներ՝ 2 տղամարդ՝ 45 եւ 72 տարեկան եւ 28-ամյա կին, «ՈՒԱԶ» ավտոմոքենայով ուղեւորվել են անտառ՝ հատապտուղներ հավաքելու: Երեք օր անց 45-ամյա տղամարդուն ոստիկանությունը կարողացել է գտնել: Տղամարդը պատմել է, որ մոլորվել է ուղեկիցների հետ, եւ ճանապարհը գտնելու տարակարծության պատճառով բաժանվել: