ԱՄՆ թռչող ուղեւորները պետք է միացնեն իրենց բջջային հեռախոսները, նոութբուքերը եւ էլեկտրոնային այլ սարքերը` անվտանգության նոր նկատառումներից ելնելով: 

ԱՄՆ-ի տրանսպորտ ի  անվտանգության վարչության կարճ հաղորդագրությունում ասվում է, որ անջատված սարքերը թույլ չեն տա օդանավ մտցնել, իսկ դրանց տերերին կարող են հավելյալ ստուգման ենթարկել: 

Հաղորդագրությունում  հավելյալ մանրամասներ չեն նշվում: Չի նշվում նաեւ, թե որ օդանավակայաններում են կիրառվելու այս միջոցները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Անցյալ շաբաթ ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը  հանձնարարել է անվտանգության նոր միջոցներ կիրառել օդանավակայաններում, որտեղից  ուղղակի չվերթներ են իրականացվում ԱՄՆ, սակայն այդ միջոցների բնույթի մասին այն ժամանակ չէր  նշվել:

Նորամուծությունը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից ԱՄՆ մեկնող ուղեւորները շարունակում են  մանրազնին ստուգման ենթարկվել:

Վերլուծաբանները այս միջոցները պարզաբանում են  հետախուզության տվյալներով, ըստ որոնց` «Ալ Կաիդայի» հետ կապված գրոհայինները պայթուցիկների նոր տեսակներ են ստեղծում, որոնք չեն  հայտնաբերվի ուղեւորներին եւ նրանց  բեռներն ստուգելիս: