Ամերիկյան գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ջրհեղեղների կանխատեսման նոր մեթոդ մշակել: Այս անգամ դիտարկումներին օգնելու են արբանյակները: Ստացված տվյալների շնորհիվ գիտնականները չափում են գետի ավազանի շրջանում կուտակված ջրի քանակությունը:

Ընդ որում, տեղեկություններ են ստացվում ոչ միայն երկրի մակերեսին, այլեւ գետնի տակ ջրի առկայության մասին: Vladtime-ի փոխանցմամբ, եթե բավական շատ հեղուկ է հավաքված, ուրեմն հորդառատ ու երկարատեւ անձրեւների դեպքում հողը պարզապես չի կարողանա այդքան խոնավություն ներծծել: Հենց այս գործոնն էլ առանցքային է ջրհեղեղի կանխատեսման հարցում: Գիտնականներն իրենց տեսությունը համեմատում են դույլի հետ, որը կարող է միայն որոշակի քանակությամբ հեղուկ տեղավորել:

Հիդրոմետ կայանի աշխատակիցները տեղեկությունները ստանում են Grace արբանյակներից, որոնք արձանագրում են Երկրի ձգողականության դաշտի նույնիսկ ամենափոքր փոփոխությունները: Հենց այդ տվյալների շնորհիվ էլ գիտնականները կարողացել են որոշել մեծ քանակությամբ ստորգետնյա ջրերի կուտակումների վայրը:

Գիտնականների հավաստմամբ, իրենց մեթոդով կարելի է ջրհեղեղները կանխատեսել դրանց սկսվելուց հինգ ամիս առաջ: