Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 19։00-ի մոտ 10 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել, որը զգալի վնաս է հասցրել մրգատու ծառերին եւ բանջարաբոստանային կուլտուրաներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեւան քաղաքի բնակչուհի Արմինե Մելքոնյանը։

«Ծառերի բերքը հավասարվել է գետնին, կարտոֆիլի թփերն ու բոլոր տեսակի բանջարեղենը հավասարվել են հողին, խայտառակ վիճակ է։ Վերջին հույսն էլ բնությունը մարեց»,-ասաց Արմինե Մելքոնյանը։

Նա նշեց, որ կարկտահատիկը այդքան էլ մեծ չի եղել, եւ, բարեբախտաբար, մեքենաներ եւ տներ չեն վնասվել։

Նշենք, որ այսօր գրեթե նույն ժամին ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի եւ Լոռու մարզերում, որտեղ որտեղ մեծ վնաս է հասցվել բնակիչների գույքին եւ ցանքատարածություններին։ Վանաձորում սելավաջրերը լցվել են բնակիչների տները։