Իսպանական Անդալուզիայի ինքնավարության Գրանադա նահանգի Կուեւաս դել Կամպո քաղաքում լեռներում տեղակայված սովորական քարանձավ է վաճառքի հանվել:
Ըստ The Daily Mail-ի, քարանձավը, որն «անշարժ գույք» է համարվում, լուրջ նորոգման կարիք ունի: Այնտեղ չկա էլեկտրականություն, սակայն հոսանքալարեր անցկացնելու հնարավորություն կա: Իսկ առայժմ 14.500 եվրոյով «քարանձավային» նոր բնակիչը հինգ ննջասենյակ եւ հին ջրատար կստանա:
Քարանձավի հետ նաեւ 700 քառակուսի մետրանոց հողատարածք է նախատեսվում, որտեղ կարելի է լողավազան կառուցել կամ այգի հիմնել: Այդ անշարժ գույքի մեծագույն առավելություններից մեկը դեպի լեռները բացվող հրաշալի տեսարանն է:
Բացասական կողմերից է պատուհանների բացակայությունը. այդ բնակարանում դրանք ընդհանրապես նախատեսված չեն: Սակայն լույսի քանակության վրա այդ չի անդրադառնում, քանի որ քարանձավը նաեւ դուռ չունի, այդ պատճառով այն բնական լուսավորություն է ստանում:
NEWSru.com-ի փոխանցմամբ, դեպի քարանձավ նաեւ մասնավոր ճանապարհ է կառուցված: Անշարժ գույքի գործակալության տվյալներով, որի կայքում տեղադրվել է քարանձավի վաճառքի հայտարարությունը, բնակավայրը տեղակայված է ոչ մեծ մի գյուղում, Կուեւաս դել Կամպո քաղաքից եւ Նեգրատին լճի նուդիստական լողափից ոչ հեռու:





























