Պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների առանցքում երկուստեք կարեւորվել է ապակենտրոնացված համագործակցությունը, որը, զրուցակիցների համոզմամբ, ուրույն դեր ունի նաեւ երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում: Սերժ Սարգսյանը եւ քաղաքապետ Մաուրիսիո Մակրին ընդգծել են, որ այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է շուրջ մեկ ու կես տասնամյակ առաջ` հռչակելով Բուենոս Այրեսը եւ Երեւանը քույր քաղաքներ:
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Մաուրիսիո Մակրիի՝ 2012թ. Երեւան կատարած այցելությունը, որի ընթացքում տեղի է ունեցել Բուենոս Այրեսից Երեւանին՝ գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսի փոխանցման արարողությունը: ՀՀ Նախագահը նշել է, որ այդ այցը երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությանը նոր խթան է հաղորդել եւ հույս է հայտնել, որ նմանօրինակ այցելություններն ու փոխադարձ շփումները կկրեն պարբերական բնույթ՝ ներառելով փոխգործակցության զարգացմանն ուղղված ընդգրկուն օրակարգ: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս քաջալերել եւ աջակցել Երեւան-Բուենոս Այրես ձեւաչափով նոր նախաձեռնությունները եւ ծրագրերը:
Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ Բուենոս Այրեսում հայկական ներկայությանը, որը երկու երկրները կապող ամուր կամուրջ է հանդիսանում: Նախագահի խոսքով, 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ գործած ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության հետեւանքով Արգենտինայում հաստատված հայերն արժանացել են ջերմ վերաբերմունքի: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է նշել, որ այս տարիների ընթացքում հայերն իրենց էական մասնակցությունն են բերել ինչպես Արգենտինայի, այնպես էլ Բուենոս Այրեսի զարգացմանը՝ հարստացնելով մշակութային բազմազանությամբ առանձնահատուկ այդ քաղաքի կյանքը:
Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաեւ Բուենոս Այրեսում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշման համար, որը, ըստ նախագահի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի կողմից եւս մեկ անգնահատելի քայլ է:
Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորել է Բուենոս Այրեսի քաղաքապետին եւ Արգենտինայի բարեկամ ժողովրդին՝ հուլիսի 9-ին նշվելիք երկրի Անկախության օրվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն, բարգավաճում եւ նորանոր նվաճումներ:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Մաուրիսիո Մակրին Հայաստանի նախագահի այցի կապակցությամբ նրան է հանձնել Բուենոս Այրեսի բանալին եւ քաղաքի Պատվավոր այցելուի պատվոգիրը: Քաղաքապետարանից մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գրառում է թողել քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Արգենտինայի պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ:
Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը նշել է, որ իր արտասահմանյան այցերի շրջանակներում առանձնակի կարեւորություն է տալիս Օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումներին, քանի որ, ըստ նախագահի, դժվար է գերագնահատել այն դերը, որ օրենսդիրներն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման եւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու հարցերում: Նախագահի խոսքով, հայ-արգենտինյան հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնակի կարեւորում է միջխորհրդարանական փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Արգենտինայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը հայ-արգենտինյան դարավոր բարեկամության նոր էջ է բացել եւ երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդել առանձնակի բովանդակություն: Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական տարբեր մակարդակի պատվիրակությունների փոխայցելություններն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ շփումները:





























