ԲՐԻԿՍ-ի  (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ) երկրների առաջնորդները Բրազիլիայում հուլիսի 15-16-ին կայանալիք գագաթաժողովում պայմանական արժութային պահուստների դրամագլուխ ստեղծելու մասին համաձայնագիր կստորագրեն, լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

 «Կստեղծվի պայմանական արժութային պահուստների դրամագլուխ: Սա նշանակում է, որ կենտրոնական բանկերը իրենց միջազգային պահուստներում պահպանում են միջոցները, որոնք դրամագլխում նշված են որպես իրենց մասնաբաժին: Մինչեւ դրանց ակտիվացումը, դրամագլխին մասնակցությունը պայմանական է», - նրա խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:

Ենթադրվում է, որ դրամագլխի ծավալը կկազմի 100 մլրդ դոլար, որոնցից 41 միլիարդը Չինաստանի բաժինն է,  18-ական մլրդ կկազմեն Հնդկաստանի,  Բրազիլիայի եւ Ռուսաստանի մասնաբաժինները, 5 մլրդ՝ ՀԱՀ-ի մասնաբաժինը:

Նաեւ սահմանվում է, որ երկիրը անհրաժեշտության դեպքում կարող է որոշակի միջոցներ ստանալ դրամագլխից, որը կհաշվարկվի ներդրած գումարի որոշակի գործակցով: 

«Չինաստանի համար այն  0,5 է, այսինքն՝ Չինաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ստանալ իր մասնաբաժնի կեսը, ՀԱՀ-ինը 2 է, այսինքն՝ նրանք քիչ ներդրում եւ փողի մեծ պահանջարկ ունեն, մնացածի համար գործակիցը 1 է», - մեկնաբանել է նախարարը: