Հայաստանի բանկերին կպարտավորեցնեն պահպանել աշխատանքային էթիկան: «Բանկերի եւ բանկային գործի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացվեց օգոստոսի 7-ին կայացած կառավարության նիստում: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ էթիկայի կանոնները պետք է ներառեն հաճախորդներին տեղեկատվության տրամադրման կարգը:

Բացի այդ, բանկերը պետք է իրենց համար հաճախորդների հետ շփման եւ նրանց բողոքների քննարկման կարգ, ինչպես նաեւ գովազդի եւ մարքեթինգի ժամանակ էթիկայի նորմեր սահմանեն: Բանկերի էթիկայի նորմերը պետք է համապատասխանեն հանրապետության Կենտրոնական բանկի կարգավորող դաշտին:

Եթե բանկի կողմից աշխատանքային էթիկայի խախտման փաստը հաստատվի դատարանում կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով, բանկը կպարտավորվի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդին 300 հազար դրամ վճարել (730 դոլար – խմբ.): Այդ գումարը, սակայն, չպետք է սահմանափակի վնասների փոխհատուցման՝ հաճախորդի իրավունքը: