NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The Washington Post»-ում հրապարակված միջազգային քաղաքականության հարցերով լրագրող Ադամ Թեյլորի հոդվածը:

Թուրքիայի վարչապետ եւ նախագահի թեկնածու Ռեջեփ Թսյիփ Էրդողանը հեռուստատեսային հարցազրույցում բողոքել է, որ մարդիկ հարցականի տակ են դնում իր ընտանիքի ծագումը. «Ինձ ասում էին, որ ես վրացի են, ավելին, մի մարդ ինձ սարսափելի կեղտոտ բան ասաց՝ հայտարարելով, որ ես հայ եմ»,- NTV-ին տված հարցազրույցում ասաց Էրդողանը: «Բայց ես թուրք եմ»,- հավելեց նա: Այս հայտարարությունն անմիջապես վրդովմունք առաջացրեց. «CNNturk»-ը հարց ուղղեց «Twitter»-ում, արդյո՞ք այդքան «կեղտոտ» բան է հայ լինելը, իսկ մյուսներն Էրդողանին մեղադրեցին ռասիզմի համար:

Էրդողանը հայտնի է որպես փորձառու հռետոր եւ, հնարավոր է, նա պարզապես «սայթաքեց», սակայն հայերի եւ թուրքերի միջեւ պատմական հարաբերությունները նրա հայտարարությունն առավելապես անշրջահայաց են դարձնում: 1915 թվականին՝ Օսմանյան կայսրության վերջին օրերին, զինվորները հարյուր հազարավոր հայերի են սպանել, ովքեր ապրում էին այժմյան Թուրքիայի տարածքում: Հայերը, ինչպես նաեւ պատմաբանները, այդ ցեղասպանություն են կոչում, չնայած Թուրքիան եւ հատկապես Միացյալ Նահանգները պաշտոնապես հրաժարվում են գործածել նշված եզրույթը:

Ընդամենը մի քանի օր է մնացել Թուրքիայի վարչապետի՝ նախագահ դառնալու նպատակի իրականացմանը, եւ նա ավելի քան տասը տարվա ավտորիտար կառավարումից հետո բախվում է «բումերանգի»: Եվ չնայած նրա Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հայտնի է կապիտալիզմի, ազգայնականության եւ իսլամական կառավարման համադրությամբ, այն զգալիորեն ոտնահարել է Թուրքիայի փոքրամասնությունների համայքներին:

Էրդողանն աջակցություն է վայելում երկրի հարավ-արեւելքում, որտեղ գերիշխում են քրդերը, եւ ԱԶԿ-ն քրդերի լեզվական եւ մշակութային իրավունքները սատարող քաղաքականություն էր վարում: Եթե Էրդողանը ցանկանում է նախագահ դառնալ, ապա քրդական այդ աջակցությունը միանգամայն կարող է որոշիչ դառնալ: Նաեւ նախանշաններ կան, որ Էրդողանը հույս ուներ հայերի համակրանքին արժանանալ մինչեւ ընտրվելը, քանի որ հաղորդագրություններ էին տարածվում այն մասին, որ Թուրքիան կարող է բացել երկու երկրների միջեւ սահմանը: Էրդողանը նույնիսկ զգուշավոր քայլ կատարեց հայերի զանգվածային սպանությունները Թուրքիայի կողմից ճանաչելու ուղղությամբ՝ այդ իրադարձությունների առիթով ցավակցություն հայտնելով:

Շուրջ 70 հազար հայեր մինչեւ հիմա Թուրքիան իրենց տունն են անվանում, եւ համայնքում շատերը մինչեւ այս հայտարարությունները զգում էին, որ վտանգի են ենթարկվում: Հնարավոր է՝ երեքշաբթի Էրդողանն անհաջող արտահայտություն արեց, սակայն քննադատների համար վատագույն մտավախությունների հաստատումն էր: