Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը փայտով հարվածել է ոստիկան Վարդան Գեւորգյան փորին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին ասաց տուժող ոստիկան Վարդան Գեւորգյանը։

«Լրատվամիջոցներից իմացել ենք, որ երթ է լինելու, Օսիպյանը խոսեց Շանթ Հարությունյանի հետ՝ իմանալու համար, թե ինչ են անելու։ Իրենց հետ մասկաներ էին բերել, փետեր էին բերել, իրենք երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա: Մենք մինչեւ վերջին պահը չգիտեինք իրենց գործողությունները, իրենք միանգամից փողոց դուրս եկան։ Մենք հույս ունեինք, որ մայթով պետք է գնան ու փողոց դուրս չեն գա, բայց դուրս եկան, միանգամից, ռեսկի փողոց դուրս եկան։ Մի երկու ոստիկան դուրս եկան փողոց եւ ասում էին Շանթին՝ դուրս արի: Ես ասեցի, որ Շանթը ղեկավարն է, որ իրեն հանենք, սաղ դուրս կգան։ Դրա համար մոտեցա Շանթին, հետեւից բռնեց, էդ ժամանակ գլխիս փետով խփեց Վահե Մկրտչյանը, ամորտիզացիա մի տեսակ առաջացավ մոտս։ Մի հարվածը գլխիս էր, մեկը՝ ուսիս, մեկն էլ՝ մեջքիս։ Բախտի բերումով մարմնական վնասվածք չստացա։ Ինձ խփեցին, ես մի կողմ եկա ու պայթունները սկսեցին։ Հետո մի հատ էլ Շանթ Հարությունյանը եկավ, սենց փետով խփեց փորիս»,-ցուցմունք տալիս ասաց տուժող ոստիկանը։

Այս խոսքերից հետո Շանթ Հարությունյանն ասաց. «Մենք խուլիգանություն չէինք անում, մենք քաղաքական դիրքորոշում ունեիք, ու անձնավորված չէր կռիվը։ Դուք ձեր ծառայությունն էինք իրականացնում, մենք՝ մեր»։

Ազատամարտիկ Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ ինքը «խփել էլ է, ամեն ինչ էլ արել է, բայց կոնկրետ անձի դեմ չի եղել իր արարքը։ «Ընկերոջս վզից բռնել ես, ես էլ խփել եմ։ Ու մեզ դեպի մայթ չէին տանում, մեզ դեպի փողոցի մեջտեղ էին տանում»,-ասաց Վարդան Վարդանյանը:  Հարցաքննության ժամանակ տուժող ոստիկանն ասաց, որ իր մեջքին հարվածել է ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը։ Վարդան Գեւորգյանը, ինչպես նախկինում ցուցմունք տված ոստիկանները, նշեց, որ իրենք երթի մասնակիցներին օրինական պահանջ են ներկայացրել եւ խնդրել փողոցից դուրս գալ, բայց նրանք հրաժարվել են ենթարկվել։ Գործով մի քանի ամբաստանյալների պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մի քանի հարց դատավորը հանեց եւ թույլ չտվեց տուժողին դրանց պատասխանել, ինչից հետո Ինեսսա Պետրոսյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ դատավոր Վաղինակ Մկրտչյանին մեղադրեց կողմնակալության մեջ։

«Դատարանը կողմանկալ վերաբերմունք է ցույց տալիս եւ տրամադրված է պաշտպանական կողմի հարցերը հանել»,- հայտարարեց Ինեսսա Պետրոսյանը եւ խնդրեց պարզաբանել, թե ինչու են ոստիկան տուժողներն ու վկաները դատական նիստի դահլիճ մտնում այն հատվածից, որտեղից ամբաստանյալներն են մտնում:

«Ինչո՞ւ են ոստիկանության աշխատակիցները դատարան մտնում ծառայողական մուտքից։ Ոստիկան վկաներն եւ տուժողները դատարան են մտնում այնտեղից, որտեղից մտնում են ամբաստանյալները: Ես, որ փաստաբան եմ, այդ հատվածով չեմ կարող մտնել։ Հետեւաբար սույն վկան եւ մնացած բոլորը արտոնություններ ունեն, այս դեպքում դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցույց տալիս»։ Դատավորը պարզաբանեց, որ ինքն է որոշում կարգը եւ որ ոչ մեկի նկատմամբ արտոնություն չկա, պարզապես այդ մուտքից մտնում են նաեւ ամբաստանյալները։ Պատասխանը զարմացրեց ամբաստանյալներին եւ ամբաստանյալ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը կատակեց, ասելով. «Դե մենք հնարավորություն չունենք ուրիշ տեղից գանք, համ էլ մենք գալիս ենք, մեզ չեն բերում»։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: