Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել, որ Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը պաշտպանվել է. դատավճռում ինքնապաշտպանական գործողությունների մասին խոսք ընդհանրապես չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Այս պահին ծանոթանում եմ դատավճռին, որը կարդալով՝ ստացվում է, որ Վահեն իջել է մեքենայից եւ կրակել 2 անձի վրա՝ մեկին սպանելով, մյուսին վիրավորելով: Գնահատականներ ընդհանրապես տրված չեն, թե ինչու է Վահե Ղուկասյանը կրակել, ոնց է այսպիսի բան եղել, ով է առաջինը կրակել: Կամ օրինակ այն, որ Վահեն հրազենային վնասվածք է ստացել, բայց թե ոնց եւ ինչու է վիրավորվել, դատավճռում ոչ մի բան չկա»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի պնդմամբ՝ դատարանը հաշվի չի առնել նաեւ վկաների ցուցմունքները՝ դրանք որակելով «անարժանահավատ»:

«Վկաները պնդում են, որ առաջինը «Շեկոն» է կրակել, սակայն դատարանը դա հաշվի չառավ: Օրինակ՝ վկաներից մեկը, որի նախաքննական ցուցմունքում հակասական դրույթներ կային, որոնք էլ հետագայում ապացուցվեցին, դատարանում ցուցմունք տվեց, սակայն դատարանը հաշվի առավ միայն նախաքննականը: Ստացվում է, որ դատարանն իր կողմից արված հարցաքննությանը չվստահեց, այլ քննիչին տված ցուցմունքն ընդունեց: Ու վստահում է այն վկային, որը նախաքննական մարմնին պատմել էր, թե Վահեն է առաջինը կրակել, իսկ դատարանում լրիվ հակառակն ասաց: Նույն վկան քննիչին ասել էր, որ սեւ ջիպից են կրակոցներ հնչել, հետո պարզվեց, որ այդ սեւ ջիպը եկել է շտապօգնության գալուց հետո միայն»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Վահե Ղուկասյանի հարազատները ու փաստաբանը պատրաստվում են բողոքարկել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեւորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն։