Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների եւ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի ընտանիքի անդամների հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Ադրբեջանի իշխանություններից տեղեկացել ենք, որ Հայաստանի քաղաքացին, որը օգոստոսի 7-ին ըստ տեղեկությունների հատել է միջազգային սահմանը, մահացել է: Գործելով որպես անկախ միջնորդ՝ ԿԽՄԿ-ն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների եւ ընտանիքի անդամների հետ: Դեպքի հետ կապված բոլոր խնդիրները ԿԽՄԿ-ն հասցեագրում է համապատասխան իշխանություններին, գաղտնի երկխոսության շրջանակներում: Այդ իսկ պատճառով հանրորեն չի մեկնաբանելու դեպքի հանգամանքները»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս մշտապես կապի մեջ լինել համապատասխան իշխանությունների հետ եւ քննարկել մարդասիրական խնդիրները, որոնք վերաբերվում են զինված հակամարտություններից տուժած մարդկանց:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 8-ին տեղեկատվություն է տարածել նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանի «հանկարծակի մահվան» մասին: Նախնական տեղեկություններով՝ Պետրոսյանի մահվան պատճառը եղել է «սուր սրտանոթային անբավարարությունը»:
«Ներկայումս նրա մահվան պատճառները պարզվում են Գյանջայի դատաբժշկական փորձաքննության եւ պաթոլոգոանատոմիայի տարածաշրջանային կենտրոնում»,-հաղորդում են ադրբեջանական աղբյուրները:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել նախօրեին՝ օգոստոսի 7-ին:





























