Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի սպա Սառա Ուեսթին հեռացրել են նավապետի պաշտոնից՝ ամուսնացած ծառայակցի հետ սիրավեպի պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:

Երկրի զինված ուժերի կանոնադրության համաձայն, զինծառայողների միջեւ անձնական հարաբերություններն արգելվում են, եթե դրանք վտանգում են «գործունեության արդյունավետությունը»:

Թագավորական նավատորմի ներկայացուցիչը հաստատել է կնոջը պաշտոնից ազատելու մասին տեղեկությունը, սակայն պատճառը նշել հրաժարվել է: Ուեսթը ռազմածովային նավատորմում շարունակում է աշխատել մի պաշտոնում, որտեղ նրա «փորձը եւ ունակությունները կարող են օգտակար լինել»:

Սառա Ուեսթը Մեծ Բրիտանիայի ռազմական նավի առաջին կին նավապետն է: Նշանակման ժամանակ նա խոստովանել է, որ հպարտ է իր ձեռքբերումների համար, սակայն հենց ծովում անցկացրած տարիների պատճառով է, որ դեռեւս միայնակ է:

2011 թվականի օգոստոսին հաղորդվեց, որ HMS Portland հածանավի ղեկավարումը վստահվել է 39-ամյա կապիտան-լեյտենանտ Սառա Ուեսթին:

Ուեսթն արական սեռի սպաների հետ պայքարում այդ նշանակման իրավունքը կարողացել է վաստակել այնպիսի հատկանիշների շնորհիվ, ինչպիսիք են «առաջնորդի ունակությունը, ինքնավստահությունը, ոգու ուժը, առողջ դատողությունը եւ մարդկանց հետ շփվելու կարողությունը»: