Աջափնյակում վերակառուցվել է Ազատամարտիկների այգին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Սեբաստիա-Ա.Սարգսյան փողոցների հատման վայրում գտնվող Ազատամարտիկների այգի եւ աջափնյակցիների հետ մասնակցել վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղկեպսակ է դրել Երկրորդ աշխարհամարտի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, ապա շրջել վերակառուցված այգու տարածքով, շփվել ազատամարտիկների ու բնակիչների հետ:

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման ընթացքում տարածքն ամբողջությամբ նոր տեսք է ստացել: Վերակառուցվել եւ սալիկապատվել են ճեմուղիները, առանձնացվել են ծաղկային տարածքներ, որոնք վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկության ուժերով ձեւավորվել են երփներանգ բազմաթիվ ծաղիկներով եւ մշտադալարներով: Ծառերի եւ այգու կանաչ գոտիների խնամքն ապահովելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է ոռոգման ցանցը: Տեղի բնակիչներին եւ հյուրերին այսուհետ այգին դիմավորելու է նոր կահավորանքով՝ ինքնատիպ նստարններով եւ արտաքին լուսավորության ցանցի երեւանյան կահավորման ընդհանուր ոճին համահունչ լուսամփոփներով: Տեղադրվել է նաեւ զրուցարան, աղբամաններ: Այգու խաղահրապարակի հարակից շինություններն էլ նկարազարդվել եւ գունազարդվել են:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջելով տարածքում եւ ծանոթանալով կատարված շախատանքներին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առկա կանաչ տարածքների պահպանման եւ ընդլայնման նպատակով մշտական խնամք իրականացնել:

Բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ իրենք եւս հոգ կտանեն այգու խնամքի մասին եւ կպահպանեն այն: