Շքեղությամբ տարված հնդիկ գործարարը շուրջ 213 հազար դոլար է ծախսել մաքուր ոսկուց վերնաշապիկի համար: Տեքստիլային մագնատ Փանքաջ Պարակհն իր ծննդյան 45-ամյակի կապակցությամբ իրեն արտասովոր հագուստ է նվիրել:
Բրիտանական «The Daily Telegraph» պարբերականի փոխանցմամբ, հնդիկ միլիոնատերը մեծ ուշադրություն է գրավել՝ հանրությանը ներկայացնելով ոսկուց պատրաստված վերնաշապիկը: Այդ ժամանակ նա սեփական տան շուրջ զբոսնել է մի քանի թիկնապահներով շրջապատված:
20 ոսկերչից բաղկացած խումբը երկու ամսվա ընթացքում 3200 ժամ է ծախսել՝ 4 կգ քաշով այդ վերնաշապիկը ստեղծելու համար: Պարակհը խոստովանում է, որ ոսկով տարված է եղել 5 տարեկանից, այդ պատճառով որոշել է «ոսկեզօծել» իր տարեդարձը: Դպրոցում ուսումը կիսատ թողած, բայց հետո սեփական բիզնեսը ստեղծած տղամարդը թանկարժեք վերնաշապիկը հագնելու է այս հանգստյան օրերին նախատեսված շքեղ երեկույթի ժամանակ:





























