Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպման ընթացքում կարող է համաձայնություն ձեռք բերվել 1994 թվականի հրադադարի մասին պայմանագրի կետերը պահպանելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Բայց այս դեպքում, ըստ նրա, մեկ այլ հարց կառաջանա. արդյո՞ք Ադրբեջանի նախագահը կպահպանի խոստումը: «Երկար տարիների ընթացքում նա երբեք չի կատարել խոստումներն ու իր հայտարարություններով անընդհատ ցանկացել է յուրացնել հայկական հողերը՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե մեղավորը հայկական կողմն է: Դա երկար շարունակվել չի կարող»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավորի կարծիքով, հնարավոր եռակողմ հանդիպման ընթացքում ամենակարեւոր հարցը պետք է լինի ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված խնդիրը: «Կարծում եմ՝ նախագահների եռակողմ հանդիպումն արդյունք կտա, մնում է միայն, որ ադրբեջանական կողմը պահի խոսքը»,- եզրափակեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Սոչիում նախանշված է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ռուսաստանի առաջնորդն առանձին հանդիպում է անցկացնելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հնարավոր է նաեւ նախագահների եռակողմ հանդիպում:





























