Մարոնիտների համայնքի Փշարա Ռայի պատրիարքի նախաձեռնությամբ Լիբանանում կայացել է Արեւելքի քրիստոնեական համայնքների հոգեւոր առաջնորդների կրոնական հատուկ վեհաժողովը, որին մասնակցել են նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանն ու կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկաբար Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթը:

Հոգեւոր առաջնորդները քննարկել են Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի, մասնավորապես՝ Լիբանանի իրադարձությունները: Անդրադարձ է կատարվել նաեւ Իրաքում քրիստոնյաներին սպառնացող վտանգներին եւ այդ երկիրը քրիստոնյաներից մաքրելուն ուղղված իսլամականների գործողություններին:

Վեհաժողովը խստորեն դատապարտել է Իրաքում, Սիրիայում եւ այլ շրջաններում քրիստոնյաների սպանություններն ու նրանց նկատմամբ գործադրվող բռնությունները՝ շեշտելով, որ անընդունելի են Մոսուլի եւ Նինվեի քրիստոնյաների հալածանքները: Նրանք նաեւ իսլամական ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորող երկրներից պահանջել են դադարեցնել այդ, քանի որ կրոնական ծայրահեղական գործողությունները բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի բոլոր երկրների վրա:

Հավաքի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որը միջազգային հանրությանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով որոշում ընդունել, որի հիման վրա քրիստոնյաները հնարավորություն կունենան անվտանգ վերադառնալ իրենց բնակավայրեր:

Հոգեւոր առաջնորդները կարեւոր են համարել Սիրիայի հակամարտության քաղաքական լուծումը: Ինչ վերաբերում է Լիբանանին. համաժողովն աջակցություն է հայտնել լիբանանյան բանակին՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում, իսկ լիբանանցիներին միասնականության կոչ արել:

Քրիստոնյա հոգեւորականները նաեւ դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները՝ պահանջելով լուծել խնդիրը եւ ապահովել պաղեստինցի փախստականների վերադարձը իրենց բնակարաններ, ինչպես նաեւ նպաստել արաբական տարածքներից (Պաղեստին, Սիրիա, Լիբանան) իսրայելական ուժերի դուրսբերմանը: