«Առավոտն» իր խմբագրականում գրում է. ««Ապագան, իհարկե, համացանցինն է,- մոտ 20 տարի առաջ գրում էր իտալացի զրող եւ փիլիսոփա Ումբերտո Էկոն: Ցանցում տեղեկատվությունը տարածվում է անհամար անկախ ալիքներով, այդ համակարգը գլուխ չունի եւ ենթակա չէ վերահսկման, բոլորը բանավիճում են բոլորի հետ»: Դա իսկապես համացանցի հրաշալի հատկությունն է, որը հնարավորություն է տալիս բոլորին՝ միլիոնավոր մարդկանց հաղորդակից դարձնել իրենց հուզող խնդիրների քննարկմանը:
...Բայց նույն Ումբերտո Էկոն կանխատեսել է նաեւ այլ բան. «Ոչ ոք դեռ չի ապացուցել, որ ցանցերն այդպես էլ անգլուխ են մնալու եւ չեն վերահսկվելու վերեւից: Արդեն հիմա (խոսքը 1995 թվականի մասին է] համացանցում նկատվում են գերբնակեցում եւ խցանումներ, իսկ վաղը ինչ-որ Մեծ եղբայր կարող է իր թաթը դնել ալիքների մատչելիության վրա»: Իտալացին, հավանաբար, նկատի ուներ, որ աշխարհում կան եւ, վախենամ, դեռեւս երկար ժամանակ կլինեն բռնապետական ռեժիմներ, որոնք կփորձեն սահմանափակումներ դնել համացանցի վրա:
Եվ ահա երեկ Ռուսաստանի կառավարությունը որոշում է հրապարակել, ըստ որի՝ հասարակական վայրերում հնարավոր կլինի միանալ Wi-Fi ցանցին միայն անձնագիրը ներկայացնելու դեպքում: Այսինքն՝ եթե դուք Ռուսաստանի սրճարանում կամ օդանավակայանում ցանկանաք համացանց մտնել, ապա պետք է օպերատորին անձը հաստատող փաստաթուղթ ցույց տաք, եւ եթե ուզում եք, օրինակ, Պուտինի քաղաքականության մասին որեւէ քննադատական բառ գրել, ապա իմացեք՝ ձեր այցը գաղտնի չի մնա, եւ ՌԴ քաղաքացի լինելու դեպքում կարող եք խնդիր ունենալ»:





























