«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, ում գործը առանձնացվել է հիմնական գործից եւ քննությունը 6 ամսով երկարաձգվել է, շարունակում է բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:
«Նույն վիճակում է Քյարամը, ոչ մի փոփոխություն չկա, դեղեր են նշանակել, սակայն անօգուտ է: Նրան նեյրովիրաբույժ է հարկավոր, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նման մասնագետ չկա: Առաջիկա օրերին ես եմ մասնագետ տանելու, որովհետեւ կարծում եմ, որ նրան նորմալ բուժում է հարկավոր, այն էլ քաղաքացիական հիվանդանոցում»,- ասաց նա:
Անդրադառնալով գործին՝ Սամվել Հովհաննիսյանն ընդգծեց, որ առայժմ 6 ամսով են հետաձգել, սակայն չի բացառվում, որ ժամկետը կերկարաձգեն:
Նշենք, որ Քյարամ Ամոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:




























