Չնայած քաղաքականության մեջ ոչինչ չպետք է բացառել,  սակայն քիչ հավանական է, որ առաջիկա ամիսներին հայ-թուրքական գործընթացում ակտիվացում նկատվի՝ NEWS.am-ի թղթակցին նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով առաջիկայում հայ-թուրքական գործընթացի հնարավոր վերաակտիվացմանը։ «Դա պայմանավորված է մի շարք գործոններով. նախ եւ առաջ Թուրքիայի ներքին քաղաքական վիճակով, Թուրքիայում առկա  նախընտրական  իրավիճակով։ Եւ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով  Թուրքիայի խորոզատիպ (աքլորատիպ) կեցվածքը, որը նա սկսել է դրսեւորել արտաքին քաղաքականության մեջ, առաջիկա ամիսներին չեմ կարծում, որ հայ-թուրքական գործընթացում որոշակի տեղաշարժ արձանագրվի»,- նշեց Մանոյանը։ ՀՅԴ-ական գործիչը հավելեց նաեւ, որ այս ընթացքում անհրաժեշտ է, որ Հայաստանը օր առաջ ետ կանչի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, որ այսպիսով վերջ դնի իր կախյալ վիճակին Թուրքիայից, իսկ Թուրքիան էլ իր հերթին չօգտվի նման իրավիճակից։ «Հայաստանը Թուրքիային տվել է ոչ միայն ստորագրված արձանագրություններ,  այլ նաեւ ակամա վերապահել է գործընթացի վրա հակակշիռ ունենալու իրավունք։ Սա ոչ միայն Թուրքիայի շահերին ի նպաստ է, այլ նաեւ Հայաստանի շահերին է դեմ»։ Հարցին՝ Հայաստանի իշխանությունները կյանքի կկոչե՞ն իր առաջարկը, ետ կկանչե՞ն Հայաստանի ստորագրությունը՝ Մանոյանն արձագանքեց. «Դատելով Հայաստանի նախագահի վերջին ուղերձից, տպավորություն էր, թե Հայաստանի իշխանությունները ընդհանրապես նախընտրում են դուրս գալ գործընթացից։  Սակայն վերհիշենք այդ ուղերձը, որտեղ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե անսալով գործընթացի միջնորդների հորդորներին, Հայաստանը որոշել է առայժմ կասեցնել գործընթացը։ Այդ «առայժմը» շատ անորոշ ժամանակաշրջան է, բայց նշանակում է ինչ-որ ժամանակահատված։ Եւ կարծում եմ, որ այս ընթացքում անընդհատ պետք է հուշել նախագահին, որ ինչքան այդ ժամանակը ձգվի, եւ Հայաստանը հնարավորություն տա Թուրքիային՝ օգտագործել այս անորոշությունը, այնքան դա Հայաստանի շահերին դեմ է լինելու»։