Եթե Սոչիում երեք երկրների նախագահների հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլանա, ապա այդ կարելի է դրական առաջընթաց համարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Միաժամանակ, պատգամավորի խոսքով, սահմանին լարվածության թուլացումը խնդիրը չի լուծի. «Խնդիրը հարկավոր է կտրականապես լուծել՝ հստակեցնելով, թե ո՞ր կողմն է հրաժարվում դիպուկահարներին հեռացնել սահմանից, ո՞ր կողմն է ուղղակի սպառնում պատերազմով եւ ֆաշիստական հայտարարություններ անում»:

Զոհրաբյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ֆաշիստական հռետորաբանության առումով ինքը հանդիպումից որեւէ ակնկալիք չուներ. «Լսելով Իլհամ Ալիեւի հակիրճ ելույթը՝ իմ կարծիքը հաստատվեց, որ Ադրբեջանի քաղաքականության եւ այդ երկրի նախագահի հռետորաբանության մեջ ոչ մի փոփոխություն չի լինի: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը հույսեր է կապում Ադրբեջանի ներկա իշխանությունների հետ: Այստեղ հարցն այն է, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ոչ մի կերպ չարձագանքեցին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ալիեւի հայտարարությանը, երբ նա խոստացավ Հայաստանը հողին հավասարեցնել: Դրան հետեւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լղոզված հայտարարությունը՝ ուղղված երկու երկրներին»:

Պատգամավորը նշեց, որ իրեն զարմացնում է նաեւ միջազգային հանրության արձագանքի բացակայությունն Ալիեւի Twitter-յան հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ հարցեր, որոնք կապված են ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ: