Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Սոչիի հանդիպման արդյունքներով կարելի է արձանագրել, որ նրանք հավատարմություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման՝ գոյություն ունեցող դիրքորոշմանը, հետեւաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի ձեւաչափը պահպանվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱՊՀ երկրների Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ մեկնաբանելով նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը:

Անդրադառնալով Սոչիի ձեւաչափին՝ քաղաքագետը նշեց, որ ՌԴ նախագահի համար հանդիպման այս ձեւաչափը պարզապես անհրաժեշտություն էր, քանի որ միջազգային ներկա դրությունը հաշվի առնելով, որում գտնվում է Ռուսաստանը՝ ընկալվելով որպես Ուկրաինայում տիրող անկայունության գործոն, Ռուսաստանի դիրքորոշումը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի միջնորդ, թվում է, այդ երկրին հնարավորություն է ընձեռում հանդես գալ որպես Անդրկովկասում կայունության եւ խաղաղարարության գործոն:

«Կողմերն ընդգծում են հակամարտության հենց խաղաղ կարգավորումը, քանի որ վերջին շրջանում սահմանին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքներն ապացուցում են ռազմական ճանապարհի անարդյունավետությունը եւ Ադրբեջանի բանակի բարոյական ոգու, ինչպես նաեւ մարտական պատրաստվածության ցածր մակարդակը, ինչի մասին են վկայում դիվերսիոն ներթափանցումների ընթացքում նրանց կորուստները: Այդ ցույց է տալիս, որ ադրբեջանական ռազմատենչ դիրքորոշումն անարդյունավետ ու ոչ կառուցողական է, եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն չի ընձեռում»,- նշեց Մարգարովը:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին վերաբերող հայտարարությանը. քաղաքագետի խոսքով, հենց Ադրբեջանը չի հետեւել ՄԱԿ-ի ԱԽ առաջին բանաձեւին եւ շարունակում է ռազմական գործողությունները, հետեւաբար՝ 20 տարի անց այդ փաստաթղթերը դրական ոչինչ չեն բերում բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ հարցեր, որոնք կապված են ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ: