2014 թվականի առաջին կիսամյանում գրանցվել է 9566 ամուսնություն՝ 8.4 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
1000 բնակչի հաշվով ամուսնության դեպքերը կազմել են 6.4 պրոմիլլե՝ նախորդ տարվա 5.9 պրոմիլլեի համեմատ:
Աճել են նաեւ ամուսնալուծությունները. արձանագրվել է 2468 ամուսնալուծության ակտ, որը նախորդ տարվա 1822-ի համեմատ մոտ 35.5 տոկոսով ավել: Ամուսնալուծության ընդհանուր գործակիցը կազմել է 1.7 պրոմիլլե՝ 2013 թվականի 1.2-ի համեմատ:
Ամենամեծ թվով ամուսնությունները գրանցվել են Լոռու մարզում, բայց հենց այնտեղ էլ արձանագրվել են ամենամեծ թվով ամուսնալուծությունները: Ամուսնությունների ընդհանուր գործակիցը այնտեղ 7.8 էր՝ միջին հանրապետական 6.4-ի համեմատ, իսկ ամուսնալուծությունների գործակիցը 3.3 էր՝ միջին հանրապետական 1.7-ի համեմատ:
Շիրակի մարզում այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ամուսնալուծությունները գործակիցը նույնպես բարձր էր՝ 2.1 պրոմիլլե: Բոլոր մյուս մարզերում ամուսնալուծության ցուցանիշները, Կարինե Կույումջյանի խոսքով, միջին հանրապետական ցուցանիշների սահմաններում էին:
Հետաքրքիր է, որ ամուսնալուծվողների շուրջ 30%-ը 20 եւ ավելի տարի միասին ապրելուց հետո է ամուսնալուծվել: 1-4 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծվածները կազմել են մոտ 23%: 18%-ն ամուսնալուծվել են 5-9 տարի միասին ապրելուց հետո, 12%-ը՝ 10-14 տարվա համատեղ կյանքից հետո, իսկ 13%-ը՝ 15-19 տարվա համատեղ կյանքից հետո:





























