Հայաստանի բնապահպանության նախարարությունը տարեկան 11 մլն խմ արտեզյան ջուր տնտեսելու աշխատանքներ է իրականացրել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ ամփոփելով նախարարի պաշտոնում գտնվելու հարյուրօրյակը:
Գաղտնիք չէ, որ արտեզյան ջրերի անբարեխիղճ օգտագործողները հիմնականում ջրային տնտեսություններն են, հավելեց նախարարը: Կառավարությունն, իր հերթին, հետեւում է ապօրինի արտեզյան հորատանցքերի (առաջին հերթին՝ շատրվանող) փակմանը եւ այդ նպատակով 170 մլն դրամ է հատկացրել:
«Մենք արդեն վայրկյանում 340 լիտր, կամ տարեկան 11 մլն խմ ընդհանուր դեբիտով մի շարք հորատանցքեր ենք փակել: Իրավապահների եւ մարզպետարանների աջակցությամբ մեր աշխատակիցները շարունակում են իրենց աշխատանքը», - հայտարարել է նախարարը: Մոտակա ամիսներին նախատեսվում է մոտ 40 հորատանցք փակել:





























