Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում՝ Նախիջեւանի հետ սահմանին, հակառակորդի կողմից հունիսի 5-ին սպանված Բորիս Գասպարյանի մոր առողջական վիճակը ծանր է։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը։

«Բորիսի մայրը երիկամների հետ խնդիր ունի, հիմա բուժվում է, բայց դե իր ամենամեծ խնդիրը որդին է, չի համակերպվում։ Առողջական վիճակը բարելավելու համար էլ նրան սեպտեմբերին առողջարան ենք ուղարկելու։ Կարծում եմ՝ օդափոխվելուց հետո վիճակն ավելի լավ կլինի»,- ասաց նա։

Գյուղապետի խոսքով՝ զոհված զինծառայողի մորը գումարով օգնում են նաեւ մարզպետարանից եւ պաշտպանության նախարարությունից։

Նշենք, որ Բորիս Գասպարյանը 22 տարեկան էր, հայրը դեպքից 6 ամիս առաջ էր մահացել, իսկ ինքն ապրում էր մոր հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014 թ. Արարատի մարզում հունիսի 5-ին դիպուկահարի կրակոցներից զոհվել են երկու պայմանագրային զինծառայող: Նրանցից մեկը Անդրանիկ Եղոյանն է՝ 26 տարեկան: Նա Արարատ քաղաքից էր, ամուսնացած էր, ուներ փոքրիկ երեխա: Մյուսը Բորիս Գասպարյանն էր՝ Արարատ գյուղից: