Հատուկ քննչական ծառայությունում մոտ 5 ժամ տեւած առերեսումից հետո Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն «անպարկեշտ» առաջարկի մեջ մեղադրող Սուսաննա Հովհաննիսյանին հրավիրել է իրենց տուն՝ «զրուցելու», սակայն վերջինս մերժել է:

NEWS.am-ի հետ զրույցում տիկին Սուսաննան, որը հայտարարել էր, որ հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին՝ գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, հայտնեց, որ ՀՔԾ-ից դեռ նորություն չկա:

«Ենթադրվում էր, որ առերեսումից հետո 10-օրյա ժամկետում վճիռը կկայացվի, բայց դեռ նորություն չկա: Սպասում եմ վճռին, որից հետո էլ դատի եմ տալու նրանց բոլորին: Եթե դանակահարված Վանուշ Ալեքսանյանին կաշառեցին, ինքն այլեւս չի բողոքում, դա չի նշանակում, որ մենք էլ ենք լռելու: Ես իմ պատվի համար մինչեւ վերջ գնալու եմ»,- ասաց նա:

Տիկին Սուսաննայի խոսքով՝ Վալերի Օսիպյանն ու իր հարազատները համացանցում տարածել են տեսանյութ, որտեղ Սարգիս Հովհաննիսյանն ալկոհոլի ազդեցության տակ է. «Էդ վիդեոն նկարել են Սեդրակենց տանը, Սեդրակի հեռախոսով, իսկ ինտերնետում տեղադրել է Սեդրակի մայրը՝ Սվետլանան: Ես նրանց բոլորին դատի եմ տալու այս ամեն ինչի համար: Իմ տղան երբեք չի խմում, իմ տղայի գլխին սարքել են, բայց ես այսպես չեմ թողնի»:

Սուսաննա Հովհաննիսյանն Օսիպյաններին խորհուրդ է տալիս խոսել Սեդրակ Օսիպյանի կատարած հանցագործությունների մասին, ոչ թե անմեղ մարդկանց «գլխին սարքել»:

Նշենք, որ հուլիսի 30-ին Վալերի Օսիպյանին եւ Սուսաննա Հովհաննիսյանին հրավիրել էին ՀՔԾ՝ առերեսման, որը տեւեց ավելի քան 5 ժամ: Շենքից դուրս գալիս՝ Օսիպյանը ոչինչ չխոսեց, մինդեռ կանայք պատմեցին, որ Երեւանի փոխոստիկանապետի եղբորորդին 3 անգամ մարդ է դանակահարել: Մեկ օր անց սակայն NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետը հերքեց մեղադրանքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: 22-ամյա Սեդրակ Օսիպյանն այժմ հետախուզման մեջ է։