Apple-ը ծրագրում է ժամանակի ընթացքում իր սմարթֆոնների ապակին ամբողջությամբ փոխարինել ավելի ամուր սինթետիկ շափյուղայով: Սակայն այժմ թանկարժեք նյութը բավարար չէ բոլոր մոդելների համար: Այդ պատճառով էլ, գրում է The Wall Street Journal-ը, «շափյուղայապատ» կդառնան միայն ամենաթանկ «այֆոնները»:

Apple-ն անցյալ տարվանից իր սմարթֆոններում շափյուղա է օգտագործում, սակայն քիչ քանակությամբ. գերկայուն ապակին պաշտպանում է iPhone 5s-ի եւ 5с-ի տեսախցիկները, ինչպես նաեւ iPhone 5s-ի «տուն» կոճակում ներդրված մատնահետքեր  ընթերցող ծառայությունը: Սակայն հուլիսի սկզբում համացանցում տեսագրություն է հայտնվել, որտեղ ստուգում են  iPhone 6-ի շափյուղայով պատված առաջամասի ամրությունը, որն իսկապես տպավորիչ է: 

The Wall Street Journal-ի աղբյուրները չեն բացառում, որ սկզբնական ժամանակներում շափյուղայից ապակին բաժին կհասնի միայն ամենաթանկ «այֆոններին», օրինակ՝ 64 գբ   հիշողությամբ մոդելներին:  Թերթը նաեւ հիշեցնում է որոշ փորձագետների կարծիքներ, որ նոր iPhone-ները կարող են  նախորդներից թանկ լինել: