Այսօրվա երեկոն խոստանում է անհավանական գեղեցկության ֆուտբոլ: Պայքարի մեջ են մտնում եվրոպական բրազիլացիները, աֆրիկյան բրազիլացիները եւ բրազիլացիները: G խումբն ամենաիտրիգայինն է: Բրազիլիան, Պորտուգալիան, Կոտ դ’Իվուարը նույն խմբում` այլ մեկնաբանության կարիք չի պահանջվում: Եվ, նույնիսկ աշխարհի ամենափակ ու հանելուկային թիմը` Հյուսիսային Կորեան չի կարող հետաքրքրություն չառաջացնել:
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Խմբի ֆավորիտներն են, բնականաբար, Բրազիլիան ու Պորտուգալիան: Սակայն Կոտ դ’Իվուարը` Դիդյե Դրոգբայի հետ կամ առանց նրա, ամեն դեպքում համառ պայքար է տանելու երկրորդ տեղի համար:
Հենց առաջին տուրում, այսօր, 19:00-ին տեղի կունենա երկրորդ տեղի համար թերեւս գլխավոր հանդիպումը` Կոտ դ’Իվուար – Պորտուգալիա: Կեյրուշի թիմի գլխավոր շարժիչը Քրիշտիանու Ռոնալդուն է: Ռմբարկուն փայլուն մարզավիճակում է:
Իսկ ուշ երեկոյան` 23:30-ին խաղադաշտ դուրս կգա բոլորի կողմից քննադատված Դունգայի թիմը: Դունգայի նոր հաշվենկատ ոճը Բրազիլիայում չեն սիրում: Այդ երկրում առավել կարեւոր է ֆուտբոլի գեղեցկությունը, իսկ Դունգան շեշտը դնում է ամուր պաշտպանության եւ կայծակնային հակագրոհների վրա: Այդպիսի թիմում տեղ չունի նույնիսկ Ռոնալդինյոն: Դունգան նախապատվությունը տվեց քիչ աստղային, սակայն կարգապահ ֆուտբոլիստներին:
Մեկնարկային խաղում բրազիլացիներին կդիմակայեն հյուսիսկորեացիները, որոնք չեն կարող վատ հանդես գալ` հայրենիքում չեն ների: Առավել եւս, որ հավաքականին մարտավարական խորհուրդներ է տվել մեծ զորավար Կիմ Չեն Իրը: Ստուգողական հանդիպումներում մարզիչ Կիմ Չոն Հունի թիմը խաղացել է 5-4-1 դասավորությամբ, ինչը նշանակում է համընդգրկուն պաշտպանություն:
Այսօր, 23:30-ին բրազիլացիները ստիպված կլինեն հաղթահարել ամբողջ ԿԺԴՀ-ի պաշտպանությունը:



























