Ամերիկյան Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի խանութների սեփականատերերն ակտիվ զինվում են, որպեսզի դիմակայեն կողոպուտների ալիքին: Այդ մասին հաղորդում է CNN-ի վերլուծաբան Շիմոն Պրոկուպեցն իր թվիթերյան միկրոբլոգում:

Լրագրողի տեղեկությունների համաձայն՝ քաղաքում նվազագոյւյնը 5 խանութ են կողոպտել: Սակայն ոստիկանությունն ավազակային հարձակումներին անգործությամբ է արձագանքել, ինչն էլ ստիպել է փոքր բիզնեսի սեփականատերերին զենք ձեռքները վերցնել:

Խանութներից մեկի փաստաբանը հայտարարել է, որ չգիտի, թե ինչու ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում: «Նրանք պարզապես լքել են դեպքի վայրը, ու ես չգիտեմ՝ ինչու»,- հայտարարել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այժմ խանութների սեփականատերերն արդեն զենքերով են պաշտպանում իրենց ունեցվածքը: Նրանք ձգտում են պաշտպանել այն, ինչ մնացել է: Ոմանք մինչեւ ատամները զինված են:  Ձեռներեցներից մեկն ինը միավոր հրազեն է վերցրել իր հետ:

Հիշեցնենք, որ Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանն օգոստոսի 10-ին կրակել է 18-ամյա սեւամորթ դեռահաս Մայքլ Բրաունի վրա: Դեպքից հետո քաղաքում մի քանի օր անկարգություններ են շարունակվում, մի քանի բնակիչ տուժել է ոստիկանության հետ բախումների հետեւանքով, որն ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել: