Մեքսիկայի հայտնի Կուկուլկանի բուրգը Մայաների հնագույն քաղաքակրթության տաճարն է: Գիտնականները մտադիր են ուսումնասիրել կառույցի հիմքը՝ հույս ունենալով գտնել թունելներ, հնագույն մշակույթի ներկայացուցիչների գերեզմաններ եւ գաղտնի դահլիճներ:

Ընդ որում, շինության տակ պեղումներ չեն ծրագրվում: Ամբողջ աշխատանքը հիմնվելու է էլեկրոտոմոգրաֆիայի վրա: Այս մեթոդի շնորհիվ հնագետները կկարողանան ստորգետնյա եռաչափ պատկերներ ստանալ՝ առանց վնաս հասցնելու շինությանը:

Mignews-ի փոխանցմամբ, այդ գործողության համար բուրգի շուրջ էլեկտրոդներ են տեղադրելու, որոնք հնարավորություն են ընձեռելու անհրաժեշտ չափումներ կատարել: Այնուհետեւ ստացված տվյալները համակարգչով մշակելու են հատուկ ստեղծված ծրագրի օգնությամբ:

Այս բոլոր գործողությունների արդյունքում ստորգետնյա հատվածի ծավալուն քարտեզ կստացվի: «Ստացված տվյալները պետք է ցույց տան, արդյո՞ք բուրգի տակ որեւէ կառույց գոյություն ունի: Եթե այնտեղ ինչ-որ բան կա, ապա այն շատ կարեւոր բացահայտում կլինի ամբողջ Մեքսիկայի համար»,- նշել է Երկրաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ռընե Չավեսը: