Իրաքի խորհրդարանի խոսնակ Սելիմ ալ Ջուբուրին միացել է իր կուսակիցների բողոքին, որոնք ուրբաթ հրաժարվել էին մասնակցել կառավարության ձեւավորման բանակցություններին: Համապատասխան հայտարարություն է արվել նրա ղեկավարած կուսակցության կողմից` Դիյալա նահանգում մզկիթի վրա կատարված հարձակումից հետո, որի հետեւանքով զոհվել էր գրեթե 70 մարդ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  

Խորհրդարանի խոսնակին է միացել նաեւ գործող փոխվարչապետ Սալեհ ալ Մութլաքը, որը սուննիական «Ալ Արաբիա» դաշինքի ղեկավարն է: 
Երբ օգոստոսի 11-ին Հեյդար ալ Աբադին նշանակվեց կառավարության ղեկավար, Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչների խորհրդում  բանակցային գործընթաց սկսվեց  նախարարների ապագա խորհրդի կազմի վերաբերյալ: Ըստ երկրի Սահմանդրության` վարչապետը նշանակում է կառավարության անդամներին, սակայն բոլոր նշանակումները պետք է  հավանություն ստանան խորհրդարանի կողմից:  Ըստ օրենսդրության` ալ Աբադին կառավարություն ձեւավորելու համար ունի 30 օր, այնուամենայնիվ,  գործընթացը կարող է ավելի երկար ձգվել`  թեկնածուների հարցում  բազմաթիվ տարաձայնությունների պատճառով:  Վառ օրինակ է այն փաստը, որ 2010 թ. ընտրություններից հետո նախարարական պորտֆելների  համար պայքարն ընթացել էր ինն ամիս: