Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը ի թիվս այլ ուսանողների, լկտի պահվածքով խոչընդոտել էր լրագրողների աշխատանքը, անգամ հայհոյել ու անպատշաճ խոսքեր ասել, օրերս նշանակվել է բուհի պրոռեկտոր: Դեռեւս հունիսին մամուլում գրվեց, որ նրան այս պաշտոնին նշանակելու հարցում հատկապես շահագրգռված է եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով բուհի խորհրդի նախագահն է: Դեռեւս հունիսին նրա նշանակման տեղեկությունը փորձում էին հերքել, իսկ երեկ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը Սեւակ Խաչատրյանի նշանակման մասին NEWS.am-ի հարցը լսելով` ասաց, որ ինքը զբաղված է, չի կարող խոսել եւ անջատեց հեռախոսը` ակնհայտորեն խուսափելով թեմայից խոսել: Քիչ առաջ NEWS.am-ը զրուցել է նորանշանակ պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանի հետ: Պարզվում է` նրա համար նոր հաստիք է ավելացել` ուսանողության հետ աշխատանքների գծով պրոռեկտոր: Մինչ իր նշանակվելն արդեն բուհն ուներ չորս պրոռեկտոր:
Սեւակ, Դուք ե՞րբ եք նշանակվել պրոռեկտոր, բուհի կայքում տեղադրված չէ նման տեղեկություն:
Այո, նշանակվել եմ, վերջին 20 օրվա մեջ:
Դուք հայտնի եք Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը տեղի ունեցած սկանդալով, միջադեպը ինչպե՞ս կանդրադառնա Ձեր հեղինակության վրա:
Սկանդալը ինչպես կանդրադառնա՞, կարծում եմ` արդեն անդրադարձել է իմ հեղինակության վրա:
Այսինքն, դրական անդրադարձա՞վ, Դուք վաստակեցիք պրոռեկտորի պաշտոն:
Ոչ, ոչ, դա Դուք եք ասում, ես նման բան չասացի:
Ըստ Ձեզ, ինչպե՞ս անդրադարձավ, եթե ոչ այդ առաջխաղացմամբ:
Դե դա չի որոշվում մարդուն գործ տալով-չտալով, ես այլ խնդիր եմ ասում: Իմ անունը շրջանառվեց տարբեր կայքերում, ես արդեն դրա մասին խոսել եմ, հենց դեպքի հաջորդ օրը մենք ներողություն ենք խնդրել, մարդու կյանքում հնարավոր է լինեն ինչ-որ բաներ, մենք ներողություն ենք խնդրել եւ եւս մեկ անգամ չենք զլանում ներողություն խնդրել նույն լրագրողներից, որոնց վիրավորել ենք:
Ասել է թե Դուք զղջո՞ւմ եք Ձեր արարքի համար եւ վստահեցնում, որ չի՞ կրկնվելու արդեն պրոռեկտորի պաշտոնավարման ժամանակ:
Ես ոչ մեկի ոչ հայհոյել եմ, ոչ վատ խոսքեր ասել, նայեք բոլոր կադրերն ու վիդեոները:
Կարելի՞ է ասել` Դուք այդ օրվա պահվածքով վաստակեցիք պաշտոնը, որովհետեւ դուք շատ բուռն պաշտպանեցիք Տարոն Մարգարյանին:
Իհարկե պետք չի տենց ասել, դա իմ գործունեության ընթացքում մի դրվագ էր…. Ես վաստակել եմ, եղել եմ լավ ուսխորհրդի նախագահ, ուսանողներից հարցրեք` ինչ նախագահ եմ եղել, լա՞վը, թե՞ վատը` որպես ուսխորհրդի նախագահ: Ես համեստություն չեմ անի, իմ ժամանակ լուծվել են բազմաթիվ խնդիրներ:
Չեք կարծո՞ւմ, որ Ձեր պաշտոնի առաջխաղացումը կարող է վատ նախադեպ լինել, ուսանողները այսուհետ Ձեր վարքը կդրսեւորեն ` ակնկալելով առաջխաղացում:
Իհարկե, ոչ, որովհետեւ ինձ բոլորը ճանաչում են` Սեւակ Խաչատրյան, ոչ թե էդ դեպքից հետո… Ինձ այդպես ճանաչում են նրանք, ովքեր ուզում են, իսկ իրականում երիտասարդական կառույցներից կարող եք հարցնել իմ գործունեության մասին, իսկ էդ օրվա տեղի ունեցածը մի դրվագ էր, որ հենց ես չէի ուզենա տեղի ունենար, ես որպես տղամարդ` երբեք չեմ զլանա ներողություն խնդրել այդ աղջիկներից, կանանցից, որոնց ներկայությամբ տեղի ունեցավ դա, բայց ես ինքս ոչ հայհոյել եմ, ոչ էլ վատ բառ ասել:





























