Երեւանի կենդանաբանական այգին Բնության եւ մշակության արժեքների պաշտպանության հիմնադրամի հետ(FPWC) համատեղ արդեն երրորդ անգամ կանցկացնեն ամենամյա զվարճալի միջոցառումը՝ «Պաղպաղակի օրը»:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Երեւանի կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանը, այդ օրը երեխաներին հետաքրքիր խաղեր են խոստանում, քաղցր մրցանակներ եւ, իհարկե, շատ պաղպաղակ, որոնց արժեքը խորհրդանշական կլինի՝ 50 դրամ: «Վաճառքի ողջ հասույթը կփոխանցվի մեր կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը»,- նշեց Կարինե Մուրադյանը: Համեղ պաղպաղակը կներկայացնի «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն:
Կարինե Մուրադյանը նաեւ հավելեց, որ Երեւանի կենդանաբանական այգին շարունակում է ֆիլմերի ցուցադրության ավանդույթը, եւ ամեն ուրբաթ այգու այցելուներին սպասում է անակնկալ այս կամ այն համաշխարհային կինոհիթի տեսքով:





























