Մեծ Բրիտանիան շուտով կսկսի Իրաքի քրդերին զենք ու սպառազինություններ մատակարարել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը:
«Sunday Times» թերթում տպագրված հոդվածում նախարարն «Իսլամական պետություն» խմբավորումն անվանել է «տանջանքների ու սպանությունների ռեժիմ», որը հակասում է իսլամի հիմնական գաղափարներին:
Համոնդի խոսքով՝ գրոհայիններն Իրաքի եւ Սիրիայի հատվածները վերածում են ահաբեկչական պետության, որոնք մտադիր են օգտագործել որպես բազա՝ արեւմտյան երկրների վրա հարձակման համար:
Նա նշել է, որ Լոնդոնը շուտով Իրաքի քրդերին արեւելա-եվրոպական սպառազինությունների եւ զենքերի մատակարարումներ կսկսի, սակայն ընդգծել է, որ Բրիտանիան մտադիր չէ տարածաշրջանում ցամաքային գործողություն սկսել:
Համոնդը նաեւ բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մարդասպաններից մեկը կարող էր բրիտանացի լինել:
«Սա դավաճանություն է մեր երկրի, մեր արժեքների եւ այն ամենի հանդեպ, հանուն ինչի հանդես է գալիս բրիտանացի ժողովորդը»,- նախարարի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:





























