Վենեսուելայում քաղաքացիներին սպառնացող վտանգի մակարդակն աշխարհում ամենաբարձրն է: Այս մասին նշվում է «Gallup» վերլուծական ընկերության հրապարակած քաղաքացիական անվտանգության ինդեքսում:
Ինդեքսը հաշվի է առնում ոստիկանության հանդեպ վստահությունը, քաղաքացիների կողմից անվտանգության մակարդակի ընկալումը եւ կողոպուտների գրանցված դեպքերը: Այսպես, Վենեսուելայում ոստիկանությանը չի վստահում հարցվածների 74 տոկոսը, մեծահասակների միայն 19 տոկոսը չի վախենում գիշերը փողոցում քայլել, իսկ հարցվածների 22 տոկոսը հաղորդել է, որ կա՛մ իրենք, կա՛մ իրենց բարեկամները վերջին տարվա ընթացքում կողոպուտի զոհ են դարձել:
Ընդ որում, Թմրանյութերի եւ հանցավորության ՄԱԿ-ի վարչության տվյալների համաձայն, Վենեսուելան սպանությունների թվով զիջում է միայն Հոնդուրասին, որտեղ թիվը կազմում է 90.4 սպանություն՝ 100 հազար բնակչության դիմաց: Վենեսուելայում այդ թիվը կազմում է 53.7 մարդ՝ 100 հազարի դիմաց, երրորդ տեղում Բելիզն է (44.7):
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, փորձագետները Լատինական Ամերիկայի ամենաանվտանգ երկիր համարում են Նիկարագուան, որտեղ իշխանություններին հաջողվում է հանցավորության հետ կապված իրավիճակը պահել վերահսկողության տակ՝ չնայած, ընդհանուր առմամբ, բնակչության ոչ բարձր կենսամակարդակին:




























