Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում օգոստոսի 19-ին շարժասանդուղքի տակ ընկած 2 տարեկան աղջնակի վիճակը նորմալ է, հետվիրահատական շրջանը հարթ է անցնում: Այս մասին NEWS.am-ին ասաց թիվ 3 մանկական հիվանդանոցի տնօրեն, մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը:

«Երեխայի վիճակը լավ է, իհարկե, դեռ չի քայլում, այսքան արագ չի էլ քայլի, բայց ամեն ինչ հարթ է անցնում, խնդիրներ չեն առաջացել»,- ասաց նա:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում: Ականատեսների խոսքով՝ մայրը երկու երեխաների հետ շարժասանդուղքով հանգիստ իջնելիս է եղել, երբ երեխայի ոտքը մնացել է շարժասանդուղքի տակ:

«Աննկարագրելի եւ անբացատրելի էր, չենք հասկանում, թե ոնց եղավ, երեւի երեխան պահի տակ ոտքն է շարժել»,- NEWS.am-ին պատմել էր ականատեսներից մեկը: