2014թ. հունիսին «Երեւան-Մարսել» համագործակցության շրջանակներում Երեւանի քաղաքապետարանին Մարսելի քաղաքապետարանն ուղարկել է հաշմանդամների համար նախատեսված 180 անվասայլակներ, որոնք հանձնվել են «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը, որն իր հերթին, պարզեցված կարգով, դրանք տրամադրել է կարիք ունեցողներին։
Սա Երեւանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող հերթական ծրագրերից մեկն է:
• 2014 թվականին քաղաքապետարանի եւ գործարար շրջանակների համագործակցության արդյունքում նախկինում արդեն կառուցված հանրային նշանակության օբյեկտների դիմաց թեքահարթակների կառուցման ուղղությամբ հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 524 հասցեներում հնարավոր է կառուցել թեքահարթակներ՝ դրանց կառուցման համար պահանջվող նորմերին համապատասխան: Նշված բոլոր կառույցներին քաղաքապետարանն անվճար տրամադրել է նախագծեր։ Այդ հասցեներից 215-ում արդեն կառուցվել են թեքահարթակներ։
• Թեքահարթակների կառուցման համար 2014 թվականի Երեւանի համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել։ Նախապես հաստատվել են առաջնային շուրջ 200 հասցեներ, որտեղ անհրաժեշտ է կառուցել թեքահարթակներ: Ընդ որում, այդ հասցեները ներառում են ոչ միայն Կենտրոն, այլ նաեւ Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջանները։ 100 թեքահարթակ արդեն կառուցվել է:
• Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, հունիսի 24-ին Երեւանի ավագանին որոշում ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից։
• «Երեւանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի եւս հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական վերականգնման եւ հասարակություն մեջ նրանց ինտեգրմանը նպաստելու նպատակով կկազմակերպվի արդեն ավանդական դարձող ճամբարը: Օգոստոսի 25-ից 28-ը անցկացվող ծրագրին այս տարի կմասնակցեն հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ եւ երիտասարդներ։





























