Չի կարելի մարդուն հետապնդել ողջ կյանքում՝ միայն մեկ սխալի համար, օգոստոսի 25-ին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նոր կառավարությունում պաշտոնավարման 100 օրվա առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ՀՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանին պրոռեկտոր նշանակելու մասին հարցին:

«Այո, լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենց սխալ են պահում: Եվ ի՞նչ է, դուք պատրաստվում եք դրա համար հետապնդե՞լ նրանց ողջ կյանքում: Ես դա չեմ կարող հասկանալ: Նշանակում է՝ այսուհետ այդ մարդը դատապարտված է գործազրկության: Ի վերջո, մենք ունենք նաեւ պատգամավորներ, որոնք ավելի վատ խախտումներ են արել, սակայն ներվել են»,- հավելել է Աշոտյանը:

Ըստ նրա՝ անախորժ միջադեպի մասնակիցները ավելի ուշ ներողություն են խնդրել, իսկ համեմատության համար ոստիկաններին վիրավորող որոշ ակտիվիստներ երբեք ներողություն չեն խնդրում: «Այնպես որ, այդ խորամանկությունները չեն անցնի, ես լուրջ մարդ եմ»,- հավելել է նախարարը:

Հիշեցնենք, համալսարանի ուսանողական ակտիվիստների մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2013թ. դեկտեմբերին, երբ մի խումբ ուսանողներ թույլ չէին տվել լրագրողներին ներկա գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությանը: