Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ հնարավորություն կընձեռվի օգտվել մեծ շուկայից: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի՝ իշխող Հանրապետական խմբակցության պատգամաոր Մկրտիչ Մինասյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանը կապող կամուրջ դառնալու մեծ հնարավորություն ունի: «Առաջին հերթին, մենք ունենք մեծ սփյուռք, երկրորդը, Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Հնարավոր է, Հայաստանը, շնորհիվ իր տեղադիրքի եւ սփյուռքի օգնության, եվրասիական արտադրության համար կդառնա կամուրջ դեպի արտաքին շուկա եւ հակառակը», - նշեց Մկրտիչ Մինասյանը: Երբ բոլոր օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերը կհամապատասխանեցվեն Եվրասիական տնտեսական միության ներսում գործող օրենսդրությանը եւ ենթաօրենսդրական ակտերին, Հայաստանը հնարավորություն կունենա ապահովել երկրի տնտեսական սրընթաց զարգացումը:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին փաստաթղթի ստորագրումը նախատեսված է ընթացիկ տարվա հոկտեմբերին: