ՀՀ ԿԳՆ-ն ստիպողաբար չի խոշորացնի բուհերը: Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նոր կառավարությունում պաշտոնավարման 100 օրվա առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ խոշորացումը, ուսանողների եւ դասախոսների համար իր ամբողջ օգուտով հանդերձ, չի պարտադրվի, եթե բուհերի կոլեկտիվները չցանկանան: «Պայմանների բարելավման համար խոշորացումն անխուսափելի է: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ խոսքը մի շարք վարչական պաշտոնների կրճատման մասին է, նշանակում է՝ կարող է ծագել ամբիցիաների խնդիրը»,- հայտարարել է նախարարը:
Իհարկե, հավելել է նա, կան հարցեր եւ զուտ տեխնիկական խնդիրներ: Այսպես, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, որի միավորումն առաջիններից են քննարկում, ունի ֆրանսիական հավատարմագրում, որը չի կարող փոխանցվել իրավահաջորդին: Սա մեր երկրի առաջին բուհն է, որն ունի եվրոպական հավատարմագրում, եւ եթե կանգնում է դրանից զրկվելու հարցը, հարկավոր է լուրջ մտածել»,- հայտարարել է նախարարը:





























