Պարտադիր 12-ամյա կրթությունը ամեն տարի փողոցից հեռու կպահի 4-5 հազար պատանիների ու աղջիկների, օգոստոսի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով 12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության անցնելու մտադրությունները:

Աշոտյանը նշել է, որ ըստ նախարարության վիճակագրության, պարտադիր 9-ամյան ավարտելուց հետո, ամեն տարի 4-5 հազար պատանի եւ աղջիկ չեն շարունակում ուսումը : «Ոմանք կարծում են, որ պայմաններ չկան, ոմանք ժամանակ չունեն: Սակայն 9-ամյա կրթական շեմով նրանց համար դժվար կլինի իրենց տեղը գտնել աշխատաշուկայում, իսկ դա նշանակում է, որ նրանք ավելի վատ կապրեն: Դա վերաբերում է տարեկան 4-5 հազար մարդու, եւ նրանց ճակատագրերը չի կարող չանհանգստացնել մեզ: Եվ մեր կրթական համակարգը հնարավորություններ ունի` նրանց մեր ուշադրության կենտրոնում պահելու համար», – հայտարարել է նախարարը: