«Առանց կրկնուսույցի բուհ ընդունվելն անհնար է» կարծրատիպը վերջին տարիների ընթացքում հաջողությամբ վերանում է: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով նոր կառավարության կազմում կրթության նախարարության աշխատանքի 100-րդ օրը:

Դեռ խորհրդային տարիներից կրկնուսույցի մոտ պարապելու ավանդույթը մնացել է Խորհրդային միության կազմաքանդվելուց երկու տասնամյակ անց: Սակայն կրթության նախարարության քայլերը աստիճանաբար մարդկանց մոտ վստահություն են ներշնչում, որ կարելի է բուհ ընդունվել սեփական ուժերով:

Առաջին հերթին, ընդունելության քննությունների ժամանակ բոլոր առաջադրանքները վերցված են բացառապես ուսուցման ծրագրից: Բացի այդ, բուհ ընդունվողների կեսից ավելին մարզերից է: «Իսկ այնտեղ, կարծում եմ, կհամաձայնվեք, որ պրոֆեսորներն եւ դոցենտները այնքան շատ չեն, որպեսզի ենթադրենք, որ ուսանողները պարապել են կրկնուսույցների մոտ», - հայտարարել է Աշոտյանը: