Հայաստանի վարժարաններում արդիական է մնում հաճախելիության խնդիրը, օգոստոսի 25-ին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նոր կառավարությունում կրթության եւ գիտության նախարարության 100 օրվա աշխատանքին նվիրված մամուլի ասուլիսում: Պատճառներից մեկն այն է, որ սովորողները սկսում են պատրաստվել բուհ ընդունվելուն եւ պարապել կրկնուսույցի մոտ: Իսկ վերջիններս պարապմունքները հաճախ նշանակում են առավոտյան ժամերին եւ դրանով խաթարում ուսումնական գործընթացը:
«Մանկավարժական տեսանկյունից դա այնքան էլ բարոյական չէ», - հայտարարել է նախարարը: Ծնողները նույնպես հետեւում են, որպեսզի երեխան առաջին հերթին կրկնուսույցի մոտ գնա, իսկ դպրոց` երկրորդական սկզբունքով: Նախարարությունը դա ճիշտ չի համարում, հավելել է Աշոտյանը: Առաջիկայում, հավելել է նախարարը, ինքը խորհրդակցություն կանցկացնի վարժարանների վիճակի վերաբերյալ, որտեղ հիմնական հարցերից մեկը կլինի հենց հաճախելիության հարցը:





























