Հայաստանի հարավային մարզերում դպրոցական սննդի ծրագիր կփորձարկեն: Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ծրագրի առաջին փուլը մեկնարկում է 2015 թ., հավելել է նա: Նախատեսվում է սկսել կրտսեր դասարանների աշակերտներից: Մթերքները կընտրվեն երեխաների կարիքները եւ դպրոցների հիգիենայի պահանջները հաշվի առնելով:
Ծրագիրը նախատեսվում է սկսել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում: «Ծրագիրը ոչ միայն աշակերտներին կապահովի առողջ սնունդով, այլեւ կօգնի հայրենական արտադրողներին` նրանց համար բացելով պատվերների ընդարձակ շուկա», - նշել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ տվյալ բնագավառի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Մելքոն Գասպարյանը NEWS.am-ին ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանի դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների տաք կերակուրը կարելի է ապահովել տարեկան 1.3 միլիոն դոլարով: Գնահատականը կազմվել է 44 հազար աշակերտի հաշվով: Ծրագրի մեկ շնչին հասնող օրական արժեքը 200 դրամ է, որտեղ ներառված է անհրաժեշտ մթերքների օրաբաժինը, այդ թվում նաեւ` հացաբուլկեղեն, մակարոն, կաթնամթերք, բանջարեղեն եւ մրգեր, բուսայուղ:



























