Հայաստանի միջնակարգ դպրոցի ծրագիրը տարածաշրջանում ամենաբարդերից մեկն է: Այդ մասին հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Չի կարելի չխոստովանել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ծրագիրը ավելի քիչ չափով բնագիտական է եւ ավելի մեծ չափով՝ հումանիտար: Այստեղից էլ՝ տեխնիկական մասնագիտությունների գծով բուհական ուսուցման նկատմամբ հետաքրքրության նվազումը: Այդուհանդերձ, մեր դպրոցներում ծրագիրը ավելի բարդ է, քան շատ այլ երկրներում, նույն այդ Ռուսաստանում», - նշեց նախարարը:
Պատահական չէ, որ ռուսական դպրոցներում հայտնված Հայաստանի երեխաների գնահատականները միանգամից բարձրանում են: «Պատկերավոր ասած՝ Հայաստանում երեքը Ռուսաստանում կարող է դառնալ ամուր չորս, եթե աշակերտը լեզվական խնդիրներ չունի», - հավելեց Աշոտյանը:




























